Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախում մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը:
«Տվյալ ծրագրի շրջանակում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված)»,- Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահը:
Արցախում այս պահի դրությամբ տարբեր գույքային կորուստների վերաբերյալ պետական հանձնաժողովը քաղաքացիներից ընդունել է ավելի քան 3 900 դիմում։
ԱՀ նախագահի հանձնարարությամբ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, եւ, ըստ կարգի, բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն: