ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքը հանել համաշխարհային ժառանգության ցանկից, երբ քաղաքային իշխանությունները լայնածավալ շինարարություն են սկսել ափամերձ տարածքներում:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ նորակառույցները խաթարում են նավահանգիստների երբեմնի տեսքն ու հմայքը:
Անգլիայի ամենահին քաղաքներից մեկը մշակութային ժառանգության ցանկում էր 2004 թվականից՝ Չինական պատի, Պիզայի աշտարակի ու Թաջ Մահալի շարքում։ Դա Լիվերպուլին հնարավորություն էր տալիս հավելյալ ֆինանսավորում ստանալու ՄԱԿ-ից՝ հուշարձանների պահպանության համար։
Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ն միայն երկու դեպքում էր նման որոշում ընդունել. 2007-ին ցանկից դուրս էր թողնվել Օմանի վայրի բնության արգելոցը՝ զանգվածային որսագողության ու կենդանիների ոչնչացման դեպքերից հետո, ապա՝ Դրեզդենում Էլբայի հովիտը, երբ 2009-ին գետի ափին հսկայական տրանսպորտային կամուրջ էր կառուցվել։