Արցախում մեկնարկել է մոտ 2 հազար բնակարանի եւ առանձնատան շինարարություն: Միայն Ստեփանակերտում մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան:
Արցախի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մշակել կառուցվող տների կահավորման, առանձնատներին կից հողատարածքների հատկացման մեխանիզմները, ինչպես նաեւ լուծումներ տալ առկա ենթակառուցվածքների հասանելիության եւ նոր ենթակառուցվածքների կառուցման մասով։
Արցախի նախագահի գրասենյակը նշել է, որ օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հաստատել է նաեւ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված եւ (կամ) անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար: