ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսեւորում:
«Դա, իհարկե, ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա եւ չի նպաստում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,- հայտարարել է Զախարովան:
Նա ցավակցություն է հայտնել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ եւ մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն, եւ պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: