Ուկրաինան եւ Լեհաստանը դատապարտել են Վաշինգտոնի եւ Բեռլինի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, որով Ամերիկան հրաժարվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի հանդեպ նոր սահմանափակումներ մտցնելուց՝ թույլ տալով, որ շինարարությունն անարգել ավարտվի։
Ուկրաինան ու Լեհաստանը պնդում են, որ դա հավելյալ քաղաքական, ռազմական ու էներգետիկ սպառնալիքներ է ստեղծելու Կիեւի եւ Կենտրոնական Եվրոպայի համար։
Նոր խողովակաշարով նախատեսվում է ռուսական վառելիքը Արեւմտյան Եվրոպա հասցնել Բալթիկ ծովով՝ շրջանցելով Ուկրաինան։ Այդ դեպքում Կիեւը կարող է զրկվել տարանցման դիմաց տարեկան ստացվող 2 միլիարդ դոլարից։
ԱՄՆ-ն ու Գերմանիան, արձագանքելով Ուկրաինայի մտահոգություններին, հայտարարել են, թե ամեն ինչ կանեն, որ Ռուսաստանը եւս տասը տարով երկարաձգի Ուկրաինայի հետ կնքված տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024-ին։