Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կասեցվել է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը: Որոշման համար հիմք են դարձել Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչների ստուգայցի ընթացքում հայտնաբերված բազմաթիվ խախտումները:
Բանդիվան գյուղում գտնվող «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) եւ մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական եւ խոզաբուծական ֆերմաներում, ինչպես նաեւ իրացման կետում ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի եւ կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ եւ սանհանգույց:
Տեսուչներն արձանագրել են նաեւ, որ երկու արտադրամասերում էլ բացակայում են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:
«Բանդիվան Կաթ» ընկերությունը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է եւ Շիրակի մարզի համանուն գյուղում գործունեություն է ծավալում 2006 թվականից:
Ընկերությանը ժամանակ է տրվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
Վերջին երեք տարիներին ընկերությունն առաջին անգամ է հայտնվել տեսչական ստուգումների ծրագրում: Բացի տարեկան ծրագրից՝ տնտեսավարողի մոտ տեսչական մարմինը կարող է ստուգումներ անցկացնել միայն բողոքի հիման վրա, սակայն մինչ օրս ոչ մի բողոք չի ստացել:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։