Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերիների։
Դատապարտվել են Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը եւ Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:
Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մերձակայքում 2020-ի դեկտեմբերի 13-ին գերեվարված զինծառայողների հերթական խումբը մեղավոր է ճանաչվել սահմանն անօրինականորեն հատելու եւ անօրինական զենք կրելու համար։ Ադրբեջանի դատախազությունը միջնորդել էր չեղարկել հայ ռազմագերիներին նախապես ներկայացված՝ ահաբեկչության եւ անօրինական զինված կազմավորում ստեղծելու մեղադրանքները։
Հուլիսի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6-ական տարվա ազատազրկման էր դատապարտել եւս 13 հայ ռազմագերիների:
Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը: Հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: