ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 23-ին՝ 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաեւ փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչեւ այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հրազենային թեթեւ վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։