Հայաստանի անկախության հռչակման մասին միջին վիճակագրական հայը գիտի, որ 1918 մայիսին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում թուրքերը պարտվել են, եւ ամսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարել է Կովկասի հայաբնակ գավառների միակ իշխանություն: Փաստացի այդ հայտարարությունը տարածվել է մայիսի 30-ին, իսկ հունիսի 4-ին ստորագրվել է Բաթումի պայմանագիրը:
Սարդարապատը՝ Սարդարապատ, բայց եթե Օսմանյան Թուրքիան չճանաչեր Հայաստանի անկախությունը եւ նրա հետ չկնքեր հաշտության պայմանագիր, պատերազմը կշարունակվեր, հետեւանքները կլինեին ավելի աղետալի: Կարծեմ Լեոն է առաջին Հանրապետության մասին ծաղրանքով գրել, թե նրա տարածքը կհերիքի, որ աշխարհի բոլոր հայերը հայրենի հողում գերեզման ունենան:
Առաջին Հանրապետությունը չի ճանաչել Անդրանիկը: Տարաձայն են եղել Երեւանի եւ Թիֆլիսի քաղաքական շրջանակները: Եղել են զինվորականներ, որ դրել են պատերազմը շարունակելու եւ Ալեքսանդրապոլը թուրքական օկուպացիայից ազատագրելու խնդիր: Բայց սա չէ էականը: Ավելի ուշագրավ է, որ Ադրբեջանը պետություն հռչակել է Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունը, որտեղ ներկայացուցիչներ է ունեցել նաեւ… Երեւանը:
Այսինքն՝ ի սկզբանե հայ քաղաքական գործիչներն ընդունել են, որ Երեւանի, Արարատյան դաշտի մուսուլմանությունը գործոն է: Եվ հենց այդ մի քանի մուսուլման պատգամավորներն են Թիֆլիսում պահանջել, որ Ադրբեջանը չճանաչի հայկական անկախ պետությունը: Այս՝ Սեյմի մուսուլմանական խմբակցության ներսում ծագած բանավեճն է հիմք ընդունում Իլհամ Ալիեւը, երբ ասում է, որ Ադրբեջանը «Երեւանը որպես մայրաքաղաք նվիրել է հայերին, Հայաստանը հռչակվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»:
Խնդիրն, ինչպես տեսնում ենք, խորքային է: Եվ, ուզենք թե չուզենք, ստիպված ենք խոստովանել, որ մենք հարցը տանուլ ենք տվել 1918-ին, երբ կովկասյան թաթարներին հաջողվել է «վիճելի» դարձնել Երեւանի հայապատկանությունը, հետեւաբար տարածաշրջանում հայկական պետականության իրավունքը:
Մեր ներսում Սարդարապատը, Բաշ-Ապարանը, նույնիսկ Ղարաքիլիսան հերոսամարտ են: Արտաքին ընկալումը, մինչդեռ, այն է, որ առաջին Հանրապետությունը «թուրքական նվիրատվություն է, մեծահոգություն»: Բաքվի քարոզչությունը նույնիսկ պնդում է, որ Երեւանը «ստանալով որպես մայրաքաղաք՝ հայերը խոստացել են հրաժարվել Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի մասին խոսելուց, բայց հետո դրժել են խոստումը»:
Ասվածն ապացուցող որեւէ փաստաթուղթ, իհարկե, գոյություն չունի: Ինչպես նաեւ «Երեւանը զիջելու մասին պայմանագիր»: Բայց, ինչպես ասում են, «նստվածքը կա»: Թշնամական հանրային գիտակցության մեջ արմատավորված է, որ «Երեւանի խանությունը ադրբեջանական անկախ պետություն էր, որ ռուսները վերացրին եւ կազմավորեցին «արհեստական Հայկական մարզ»՝ Հարավային Կովկասում հայկական պետականության համար ստեղծելով առաջին հիմքը»:
Երեւի տասը տարի առաջ Regnum-ը հոդված էր հրապարակել այն ոգով, որ Հայաստանը հռչակվել է 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ԽՍՀՄ կազմ մտել՝ ունենալով 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք, եւ «հայերը դրա համար ծնկաչոք պիտի երախտագիտություն հայտնեն բոլշեւիկներին»:
Թշնամական քարոզչությամբ՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն «ունեցել է 112 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որ խորհրդայնացումից հետո կրճատվել, դարձել է 87 հազար»: Բաքվի հավակնություններով՝ «Ադրբեջան է Զանգեզուրը, Գյոկչան, Բորչալուն, Դերբենտը»: Չխոսած «Հարավային Ադրբեջանի» մասին, որ Իրանի հյուսիսն է՝ պատմական Ատրպատականը կամ Միդիա-Ատրոպատենան:
Միջազգային որեւէ ատյան չկա, որ կայացնի մեկին արդարացնող, մյուսին դատապարտող որոշում: Պետությունների միջեւ սահմանները ճանաչվում են փոխադարձ համաձայնությամբ, ինչպես կանոնակարգում է ՄԱԿ-ի Խարտիան: Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքը՝ 29,8, իսկ Ադրբեջանինը 87 հազար քառակուսի կիլոմետր է: Եվ ինչպես չի ճանաչվում Գարդմանքի, Ուտիքի, Փայտակարանի եւ մյուս՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող վաղեմի հայաստանապատկան տարածքների նկատմամբ Հայաստանի իրավունքը, նույն կերպ էլ մերժվում են Երեւանի, Սյունիքի եւ Սեւանի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները:
Այլ է Լեռնային Ղարաբաղի պարագան: Նախքան 44-օրյա պատերազմը միջազգային հանրությունը բուն ԼՂ-ն առանձնացնում էր հարակից տարածքներից, որ հայկական վերահսկողության տակ էին: Այսօր թշնամական կողմը համարում է, որ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա կարգավորման խնդիր», թեեւ նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարությունը հակառակն է փաստում:
Զինադադարի պայմանավորվածության «աշխարհագրությունը» եւ քաղաքական տրամաբանությունը կառուցված են խորհրդային իրողությունների վրա, Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը չի ընդունվում: Հակառակ դեպքում, ասենք, նախկին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղը չէր մնա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Եվ, առհասարակ, ոչ թե Զինադադարի համաձայնություն ձեռք կբերվեր, այլ կստանայինք անվերապահ կապիտուլյացիա, Արցախի իշխանության մարմինները կլուծարվեին, եւ հեռացած բնակչությունն էլ չէր վերադառնա:
Սա է իրավիճակը. կա բնակչություն, կա նաեւ Ադրբեջանի հետ խնդիր: Եվ պետք է հիմնվել իրողությունների, ոչ թե նախընթաց երեսուն տարվա կարոտախտի վրա: Երեւակայել, թե մի «խաչակիր բանակ» (Վանո Սիրադեղյանի բնորոշումն է) գալու եւ հայ-ադրբեջանական նոր սահմաններ է գծելու, ոչ միայն միամիտ, այլեւ շատ վտանգավոր մոլորություն է: Դեռեւս բաց է Լեռնային Ղարաբաղի՝ որպես հայաբնակ տարածքի քաղաքական կարգավիճակը պահելու, այդ սուբյեկտությունը վերստին լեգիտիմացնելու եւ ամրապնդելու հնարավորությունը: Եվ բոլոր ուժերը հրամայաբար պիտի ծառայեցվեն այն իրացնելու գործին:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։