ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 23-ին՝ 17:00-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետեւանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը եւ Յուրիկ Աշոտի Օհանյանը:
Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Արման Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ եւ 13-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: