ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, անդրադառնալով «Երբ Երասխը չի կարող քնել, Երեւանը նույնպես արթուն է մնում» ֆեյսբուքյան իր գրառմանը, «Ազատության» եթերում նշել է, որ նախ ցանկացել է նկարագրել իրադրությունը. «Երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ 2:00-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երեւանում, Հայաստանում»։
Դեսպանը շեշտել է, որ գրառումը նաեւ համերաշխության ուղերձ էր։ «Ցանկանում էի ինձ հետեւող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետեւում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»։
Ժոնաթան Լաքոթն ընդգծել է, որ Երասխը միաժամանակ խորհրդանշական եւ ռազմավարական վայր է։ «Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երեւանին ամենամոտ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կրկին կարող է դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,- նշել է նա։
Անդրադառնալով ՀՀ-ի եւ Ֆրանսիայի համագործակցությանը հատկապես պաշտպանության ոլորտում՝ դեսպանը նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննելու հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան եւ Հայաստանը միեւնույն ռազմական ալյանսի անդամ չեն»։
Դեսպանն ընդգծել է՝ մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է եւ քաղաքական գործընթացում ուղեկցելը, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանում հասնելու խնդրահարույց հարցերի վերջնական լուծման։