Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին, կոչ է արել շտապ վերականգնելու խաղաղությունը Հարավային Կովկասում:
Խաթիբզադեն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության եւ երկու երկրների միջեւ սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը:
Նա ափսոսանք է հայտնել երեք հայ զինծառայողների վիրավորվելու, ադրբեջանցի զինվորականի մահվան եւ փոխհրաձգությունների վերաբերյալ: Խաթիբզադեն նաեւ հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցելու երկու երկրների հաշտեցմանը։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետեւանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ։
Նույն օրը երեկոյան՝ 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են Երասխի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մտնելու ադրբեջանական փորձը: