ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդների՝ թուրքական բանակի ներխուժումից հետո կղզու չեզոք գոտի համարվող լքված հանգստավայրերից մեկը` Վարոշան բացելու որոշումը:
Անվտանգության խորհուրդը հորդորել է անհապաղ վերանայել այդ ծրագիրը:
Ավելի վաղ թուրքական կողմից այդ քայլը դատապարտել էին Կիպրոսի` միջազգայնորեն ճանաչված հունական կառավարությունն ու արեւմտյան երկրները, որոնց թվում` Միացյալ Նահանգները:
1974-ին` թուրքական բանակի ներխուժումից հետո, Վարոշայում ապրող մոտ 17 հազար հույներ ստիպված լքել են իրենց բնակավայրը: Տասը տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը արձանագրել է, որ Վարոշան պետք է անձեռնմխելի մնա մինչեւ կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը: Դրանից բացի՝ Թուրքիայից պահանջվել է այն հանձնել ՄԱԿ-ի կառավարմանը: