Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտնել է, որ սեպտեմբերին հատուկ զեկույց է հրապարակելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ:
ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հանձնաժողովի հանձնարարությամբ ԵԽԽՎ հատուկ զեկուցող, իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը փաստահավաք առաքելությամբ հուլիսի 26-28-ը կմեկնի Ադրբեջան:
Եվրոպացի պատգամավորը կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների եւ մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ, հնարավորություն կունենա լսելու տեղահանված անձանց եւ հանդիպելու Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին:
«Այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալու միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»,- ընդգծել է ԵԽԽՎ-ն:
Եվրոպացի պատգամավորը մայիսի 19-22-ին փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երեւան:
Ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության 7-րդ կետի՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, սակայն դեռեւս ոչինչ չի արվել այս ուղղությամբ: