2020-ի հոկտեմբերին Հադրութում՝ իր տան բակում, ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել, այնուհետեւ մահացել է արցախցի աստվածաբան, նարեկագետ, պատմական գիտությունների թեկնածու 46-ամյա Վահրամ Լալայանը։ Նրա խոշտանգված մարմինը Ադրբեջանին հանձնված Հադրութից հանվել է հրադադարից հետո: Մտավորականը հուղարկավորվել է Եռաբլուրում դեկտեմբերի 25-ին:
Վահրամ Լալայանը ղեկավարում էր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնը, որն այս տարի կոչվել է նրա անունով։ Իսկ ահա օրերս լույս տեսավ Վահրամ Լալայանի «Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» երկի խորհրդաբանական ընկալումները ԺԳ-ԺԸ դարերում» աշխատությունը:
Գրքի խմբագիրը Վահրամի գործընկերն է՝ Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը: Նա այս գրքի առթիվ «Ալիք Մեդիա»-ին ասաց. «Խորհրդանշական է, որ մեր մեծագույն նարեկագետ, շուշեցի Ավետիք Բահաթրյանից տարիներ հետո սուրբ Նարեկացուն է դիմում մեկ ուրիշ արցախցի՝ աստվածաբան, պատմաբան Վահրամ Լալայանը։ Ասել է թե՝ Տիեզերական եկեղեցու Վարդապետ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններն այսօր էլ աղոթքի պես շարունակում են մնալ մեր ժողովրդի շուրթերին»։
Ամալյա Գրիգորյանը Լալայանի աշխատությունը նոր խոսք է համարում նարեկացիագիտության մեջ՝ նշելով, որ գրքի հեղինակը հետազոտությունը դիտարկել է հայոց կրոնական ինքնության բացահայտման համատեքստում՝ արծարծելով առավել խորքային աստվածաբանական խնդիրներ: «Նա առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դնում տարբեր ժամանակներում «Մատյան»-ի ընկալման ու մեկնաբանման, Աստծո հետ հաղորդակցության, Աստծո հավատի ուժով ու զորությամբ մարդու վեհացումի, սքանչացումի, ինքնամաքրմամբ հավերժանալու նոր գաղափարներ, որոնք լուսաբանվում են յուրովի»,- նշում է Ամալյա Գրիգորյանը՝ գիրքը դասելով արժեքավոր աղբյուրագիտական նշանակության գրքերի շարքում:
Պատերազմում խոշտանգված իր գործընկերոջը նա բնորոշում է իբրեւ «Նարեկացու ոգով գիտնական, որ ցանկանում էր ընթերցողի սեղանին դնել աշխատության կատարելագործված տարբերակը. ցավոք, չհասցրեց…»:
Գիրքը տպագրվել է Վահրամ Լալայանի ատենախոսության օրինակներից մեկի հիման վրա, որ գտել է եղբայրը՝ Արծիվ Լալայանը։ Այն հրատարակվել է ԱՄՆ Հայագիտական Ուսմանց Ընկերության եւ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի համագործակցությամբ «Անտարես» հրատարակչությունում:
Վահրամ Լալայանին ճանաչողները նրա մասին խոսում են իբրեւ ազնիվ, համեստ, զուսպ մի մտավորականի, որ պատերազմի առաջին օրից կամավորագրվեց հայրենի Հադրութի պաշտպանությանը։ Նա պատերազմի ժամանակ Մեծ Թաղերում մնացած վերջին բնակիչներից էր, որ փորձում էր անհավասար պայքարում պահել հայրենի գյուղը։
Նրա եղբայրներից մեկը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, իսկ Վահրամն այդ ժամանակ գլխից ծանր վիրավորվելուց, մի քանի անգամ վիրահատվելուց հետո անբաժան կապվել է Նարեկացու «Մատյան»-ի հետ:
Այդ ժամանակ Արցախի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման բաժնի ուսանող էր, թողնում է ուսումը եւ ընդունվում Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ, բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտելուց հետո ընդունվում ասպիրանտուրա՝ իբրեւ ուսումնասիրության նյութ ունենալով Նարեկացու գործը։ Պաշտպանում է թեկնածուական թեզ՝ ««Մատյան ողբերգության» պոեմի խորհրդաբանական ընկալումները» թեմայով: Նրան հիշում են իբրեւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի նվիրյալ դասախոս, որ իր կյանքի իմաստը տեսնում էր հայ միջնադարյան գրականության ոգին, հատկապես Նարեկացու փիլիսոփայությունն ուսանողներին փոխանցելու մեջ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։