ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահները լեռնային ճանապարհներով ծանրաքարշ մեքենաների շարասյուներն ուղեկցել են Արցախի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խուզարկել են վարորդներին եւ տրանսպորտային միջոցները եւ Լաչինի միջանցքով հյուսիսային եւ հարավային ուղղություններով, ինչպես նաեւ Շուշի-Կարմիր շուկա եւ հակառակ ուղղությամբ շինանյութերով եւ սննդամթերքով բարձված վեց ավտոշարասյուն ուղեկցել բարդ ոլորուն ուղիներով:
Դիտորդական կետերի պատասխանատվության գոտիներում նույնպես ռուս խաղաղապահները ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժ են ապահովել։
Մարտունու շրջանի հեռավոր գյուղերում ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից տարածքի ականազերծումից հետո վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, եւ պայմաններ են ստեղծվում բնակչության բնականոն կենսագործունեության համար:
Քսանյոթ դիտակետերում շուրջօրյա մշտադիտարկվում է իրադրությունը եւ վերահսկվում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Մեկ օրում չպայթած զինամթերքից եւ պայթուցիկ նյութերից մաքրվել է 3 հա տարածք, եւ ստուգվել է 3 շենք Մարտունու շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել են 2201,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1900 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25677 պայթուցիկ առարկա:
«Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների պահպանմամբ:
Հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական կապ է պահպանվում»,- նշված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: