Վրաստանը որպես նվիրատվություն ԱՄՆ-ից ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը: Կես միլիոն դեղաչափը տեղափոխող օդանավը Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են երկրի վարչապետը, առողջապահության նախարարն ու ԱՄՆ դեսպանը:
Չափահաս բնակչության մոտ 3 տոկոսը
Ամերիկա-գերմանական արտադրության պատվաստանյութով պատվաստումները կսկսվեն առաջիկա երկուշաբթի երեք տասնյակից ավելի կլինիկաներում: Վերջին տվյալներով Վրաստանում պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել առնվազն 392 հազար մարդ, լիովին պատվաստվել է մոտ 137 հազարը կամ չափահաս բնակչության մոտ 3 տոկոսը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրում մարտի 15-ից հուլիսի 15-ը պատվաստվածների ընդհանուր թվի 67 %-ը կանայք են, 33 %-ը՝ տղամարդիկ: Վրաստանում մինչ հուլիսի 15-ն անցկացված պատվաստումների 40 %-ն իրականացվել է Sinopharm-ով, 26%-ը՝ Astrazeneca-ով, 25%՝ Sinovac-ով, իսկ 9%՝ Pfizer- ով:
Պատվաստումների թվով Հարավային Կովկասում առաջատարը Ադրբեջանն է, որտեղ պատվաստման ամբողջ կուրսն անցել է չափահաս բնակչության մոտ 18 %-ը, վերջինը` Հայաստանը, որտեղ պատվաստումների ցուցանիշը 1,5 %-ի էլ չի հասել:
Երեխաները կորոնավիրուսի ակտիվ տարածողներ
Վրաստանի Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի անդամ Թեմուր Միկերաձեն հայտնել է, որ Վրաստանում 12-ամյա երեխան բացառության կարգով պատվաստվել է Pfizer պատվաստանյութով:
Ըստ մասնագետի` երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառն այն է, որ նրանք պատկանում են չպատվաստված խմբին: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մի շարք երկրներում երեխաներն ակտիվորեն պատվաստվում են: Մանկաբույժը հիշեցրել է, որ երեխաները համարվել են կորոնավիրուսի ակտիվ տարածողներ այս փուլում, որպես չպատվաստվածներ, ամենախոցելի խումբն են: Վարակված 3000 խնամյալից 300-ն անչափահաս է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 9,5-10%-ն անչափահաս է. համավարակի սկզբից մինչեւ հիմա վարակվել է մոտ 40 հազար երեխա: Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ օրական կորոնավիրուսով վարակվում է 150-200 երեխա: Վարակաբանները սա բավականին բարձր ցուցանիշ են համարում, բայց այլ երկրների համեմատ տարբերությունը մեծ չէ: Երեխաների շրջանում վարակման ամենաբարձր ցուցանիշն ունի ԱՄՆ-ը:
Բոլոր ցուցանիշները վատթարացել են
Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք: Վերակենդանացման բաժանմունքում է 205 մարդ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 400 698 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 869 մարդ: Այսօր կորոնավիրուսից մահացել է եւս 9 մարդ, ընդհանուր՝ 5665 մարդ:
Վրաստանը կորոնավիրուսով հիվանդացության թվի աճի պատճառով կարմիր գոտում է: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն շաբաթասկզբին հայտարարել է, որ երկրում վատթարացել են համաճարակաբանական իրավիճակը սահմանող բոլոր ցուցանիշները:
«Մենք այժմ մոտավորապես նույն մակարդակի վրա ենք, ինչ մայիսի 17-ին, երբ երրորդ ալիքի գագաթնակետին էինք: Այսօրվա համաճարակային իրավիճակը նման է հոկտեմբերի վերջի, նոյեմբերի սկզբի իրավիճակին, երբ նոյեմբերի վերջին գագաթնակետը եղավ: Մինչեւ այժմ Ջոնս Հոփքինսի քարտեզի վրա նարնջագույնով էինք, այժմ կարմիր գոտում ենք, սա հիմնական ահազանգերից մեկն է, և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասել է Գամղրելիձեն:
Իսրայելի քաղաքացիները՝ ամենաշատ այցելողներ
Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում: Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Իսրայելի քաղաքացիները Վրաստան ամենաշատն այցելողների թվում են: Այս տարվա հունիսին Վրաստանը Իսրայելից 15 837 այցելու է ունեցել: Ընդհանուր առմամբ հունիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 116.6 հազար այց, 104,6 հազարը`զբոսաշրջային: