Աֆղանստանի իշխանությունները պատերազմից տուժած երկրի մեծ մասում պարետային ժամ են մտցրել՝ թալիբների հարձակումները կանխելու համար: Գիշերային պարետային ժամ է սահմանվել 34 նահանգներից 31-ում:
Ըստ Աֆղանստանի ՆԳՆ-ի՝ թալիբների գործունեությունը «սահմանափակելու» նպատակով մտցված պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով 22:00-ից մինչեւ 04:00-ն:
Tolo News հեռուստաալիքը նշել է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի երեք նահանգների ՝ Քաբուլի, Նանգարհարի եւ Փանջշերի վրա:
Աֆղանստանում կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման զինյալների միջեւ ռազմական բախումներ են ընթանում: «Թալիբան» շարժումը զգալի տարածքներ է գրավել գյուղական շրջաններում եւ հարձակում նախաձեռնել խոշոր քաղաքների վրա:
Զինված խմբավորումն ակտիվացավ, երբ միջազգային խաղաղապահ ուժերը` ԱՄՆ ղեկավարությամբ, մայիսի 1-ից սկսեցին դուրս բերել ուժերը Աֆղանստանից, որտեղ «Թալիբանն» արդեն տասնյակ շրջաններ իր վերահսկողության տակ է վերցրել:
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն երեկ համատեղ հայտարարությամբ թալիբներին հորդորել են դադարեցնել ռազմական հարձակումները եւ անցնել խաղաղ բանակցությունների: