Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ Իլհամ Ալիեւը, պնդելով, թե Արցախում ապրում է 25000 հայ, եւ այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը, փաստացի խոստովանել է, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։
Թանդիլյանն ընդգծել է, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի եւ նվիրման շնորհիվ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, եւ այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120000 հայ։
«Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքն անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։
Արցախն ապրում է բնական կյանքով բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։
Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ եւ ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն»,- շեշտել է Մանե Թանդիլյանը։