ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմածովային ուժերի շքերթի մեկնարկին հայտարարել է, որ Ռուսաստանը հետեւողականորեն եւ հաջողությամբ կատարելագործում է իր ռազմածովային ուժերը: Կրեմլի առաջնորդն ընդգծել է, որ ռազմածովային ուժերը պատրաստ են հայտնաբերելու հակառակորդին եւ անկասելի հարված հասցնելու նրան:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում իր արժանի տեղն է զբաղեցրել ծովային հզոր երկրների շարքում:
Նա ընդգծել է, որ երկրին հաջողվել է Պետրոս Առաջինի ժամանակների համեստ նավակը վերածել օվկիանոսային գոտու զարգացած եւ հզոր նավերի եւ ատոմային հրթիռներով հագեցած սուզանավերի:
ՌԴ ռազմածովային ուժերը ձեռք են բերել աշխարհում նմանը չունեցող ծովային արդյունավետ ավիացիա ու գերձայնային հարվածային համակարգեր:
Օրերս Ռուսաստանը փորձարկել էր «Ցիրկոն» գերձայնային հրթիռը, որը, արձակվելով Սպիտակ ծովում գտնվող ռազմանավից, հասել էր Բարենցի ծովի մոտ տեղադրված թիրախին` անցնելով ավելի քան 350 կիլոմետր:
Ըստ Պուտինի՝ արդիական այս զենքը ի վիճակի է հասնելու աշխարհի ցանկացած կետ՝ խուսափելով նաեւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության վահանից։