ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 26-ին՝ 03:30-ի սահմանում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հուլիսի 26-ին՝ 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։
Հայկական զինուժը կրակ չի բացել
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական բանակի դիրքերը Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից գնդակոծելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները՝ նշելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները առավոտյան ժամը 03:00-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, եւ որ իրենք համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկում։
Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Հայաստանի տարածքից ինտենսիվ կրակ է բացվել:
«Հուլիսի 26-ին՝ 3:00-ից, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարգեչարի շրջանի տարբեր ուղղություններում տեղակայված մարտական դիրքերից հրազենով եւ ականանետներով ինտենսիվ գնդակոծության են ենթարկում ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի տարածքում»,- նշել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավելելով, որ իրենց ԶՈՒ ստորաբաժանումները «ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ»:
Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ժամը 23:00-ի սահմանում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել էին հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:
Ուրբաթ սահմանի տվյալ հատվածում փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր. ժամկետային զինծառայող Արման Աթեսյանը վիրահատվելուց հետո գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Հեռացվել է նրա մի երիկամը:
«Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում եւ անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ, այժմ ուշքի է եկել»,- հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։