Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձեւավորումն ու լատինատառ գրառումները առաջիկայում կփոխվեն:
ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը նշել է, որ մեքենաների արտաքին ձեւավորումը վերանայվում է՝ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունն ու արդարացի քննադատությունները: Նա շեշտել է, որ բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել:
Հովսեփյանը նշել է, որ Երեւանում պարեկային ծառայությունում 700 պարեկ է ծառայում, իսկ 8-9 ամիս հետո նոր պարեկային ծառայությունը կներդրվի Շիրակի եւ Լոռու մարզերում։ Մինչեւ 2023-ի առաջին եռամսյակի ավարտը պարեկային ծառայությունը կգործի ՀՀ ամբողջ տարածքում։
Պետպաշտոնյան ընդգծել է, որ պարեկային ծառայությունը Ճանապարհային ոստիկանությունը չէ, «ավելին է եւ ունի ավելի շատ գործառույթներ»: Ըստ Հովսեփյանի՝ հանցագործին վնասազերծելու համար պարեկն իրավունք ունի տարբեր գործիքներ կիրառելու` մեքենային հարվածով կանգնեցնել, մարտավարական հմտություններ, ձեռնաշղթա, մահակ եւ ընդհուպ մինչեւ ատրճանակ կիրառել։
Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքել են Երեւանում հուլիսի 7-ին մեկնարկած պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին տեսքի ձեւավորումից:
Լեզվի կոմիտեն այդ առիթով հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստին զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածից եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքից։