«Իրենց ստեղծած օրենքները միայն իրենց են ձեռնտու»,- Հայաստանի իշխանությունների մասին ասում է Հարություն Թովմասյանը։ 45-ամյա երեւանցին Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հաշմանդամ։ Դպրոցական տարիներին դիպուկահարի դասընթացների է մասնակցել, զբաղվել է թեկվանդոյով ու կարատեով։
«1992 թվականն էր, 17 տարեկան էի, 8-րդ դասարանում էի սովորում, երբ լսեցի Ղարաբաղյան պատերազմի մասին։ Ես էլ մի քիչ տաքարյուն էի, ուզեցի գնալ։ Փաստաթղթերումս ծննդյանս թիվը՝ 1976-ը, դարձրի 1975, որ թույլ տան՝ գնամ։ Ինձ հետ ուղարկեցին, ասացին՝ շատ ջահել զոհեր կան, եթե պետք լինի, դեռ կհասցնես մասնակցել։ Բայց ես ամեն ինչ արեցի, որ գնամ, ու գնացի։ Վեց ամիս «նայոմնիկ» (պայմանագրային զինծառայող) էի, մեկուկես տարի էլ ծառայությունն էր»,- պատմում է Հարությունը։
Մասնակցել է Զանգելանի, Մարջալուի, Հորադիզի մարտերին։ Եղել է շարքային, կրտսեր սերժանտ, ապա՝ ենթասպա։ 1994 թվականի հունվարի 7-ին Հորադիզում կոկորդից վիրավորվել է։
«Էդտեղից սկսվեցին իմ խնդիրները։ Հաշմանդամ դարձա։ 1995-ից առողջական խնդիրներ ի հայտ եկան՝ հոդացավեր, այլ խնդիրներ, ու գնալով դրանք ավելի խորացան։ Բուժումներ ընդունում էի, բայց ժամանակի ընթացքում Բեխտերեւի հիվանդություն (ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ առաջացնում է հոդերի սերտաճում եւ շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ) զարգացավ ու 13 տարի գամվեցի անվասայլակին»,- ասում է Հարությունը։
Դրանից հետո վիրահատվել է, հիմա երկու կոնքը պրոթեզավորված է, դրա հաշվին կարողանում է քայլել։ Տարին մեկ անգամ պետության կողմից բուժում է ստանում ու, ինչպես ինքն է ասում, չնչին՝ 500, 1000 դրամի դեղորայք։ Ավելի թանկարժեք՝ 3000-15000 դրամանոց դեղերը, որոնք նրան անհրաժեշտ են, պետությունը չի տրամադրում։ Հարությունի առողջական խնդիրները հիմա նրան տանում են դեպի կուրացում, երիկամներն էլ վատ են աշխատում։ Բժիշկներն ասել են՝ դեռ երիտասարդ է, հնարավոր է բուժել, բայց գումար է անհրաժեշտ, մոտավորապես 1.5 միլիոն դրամ։
Հարությունն ու նրա մայրը՝ յոթանասունամյա տիկին Վեներան, արդեն 23 տարի է, ինչ ապրում են Ներքին Շենգավիթում գտնվող հանրակացարանում, ծանր պայմաններում։ Տիկին Վեներան նույնպես առողջական խնդիրներ ունի՝ շաքարային դիաբետ, արյան ճնշման տատանում, սրտի ու արդեն նաեւ տեսողության խնդիրներ։ Պետությունից անվճար դեղորայք չի ստանում։
Նրանց եկամտի միակ աղբյուրը թոշակներն են։ «Մեր ստացած թոշակի կեսից ավելին դեղերի վրա ենք ծախսում, մի մասով էլ կոմունալ վճարումներն ենք անում, ու տակը մեզ ապրելու համար համարյա ոչինչ չի մնում, կարող ա գնանք խանութից պարտքով հաց ուզենք, որ սովից չմեռնենք։ Եթե դեղերն անվճար լինեն, էդ գումարը մեզ կբավականացնի»,- ասում է Հարությունը։ Տիկին Վեներան էլ ավելացնում է՝ դեռ կոմունալ վճարներ ունեն, որ չեն կարողանում մուծել։
Հանրակացարանում նրանց հայտնվելու պատճառն այն է, որ ընտանիքի հայրը՝ Ալբերտ Թովմասյանը, հիվանդացել է քաղցկեղով, բուժման ծախսերը հոգալու համար պարտքեր են արել, հետո էլ տունն են վաճառել, որ այդ պարտքերը մարեն։ Հայրը մահացել է։ Հազիվ կարողացել են հանրակացարանի այս 18 քառակուսի մետր տարածքը գնել, որտեղ հիմա նրանց հետ բնակվում են նաեւ Հարությունի եղբայրը, նրա կինը եւ երեք անչափահաս երեխաները։
«Իրենք Մասիսում էին ապրում, էլի ծանր սոցիալական պայմաններում, չորս տարի առաջ իրենց վագոն-տնակն ամբողջովին այրվեց։ Ամեն օր մի տեղ էին գնում, որ գիշերեն, հիմա, որպեսզի մետրոյում, կանգառներում չմնան, իմ տանն եմ պահում, էստեղ գետնին են քնում։ Երկու աղջիկ ունեն, մի տղա։ Հայրենիքի զինվոր են մեծացնում, որ գնա պարտքը կատարի, հա՛, պիտի գնա, բայց պետությունն էլ էսպե՞ս պիտի վերաբերվի իր ապագա զինվորին։ Եղբայրս աշխատանք չի կարողանում գտնել, կինն էլ մեկ-մեկ այստեղ-այնտեղ մաքրություն է անում»,- պատմում է Հարություն Թովմասյանը։
Հանրակացարանի իր տունն էլ է մի անգամ հրդեհից փրկվել։ Տանը ջրի նորմալ խողովակներ չկան, ձմռանը պատուհաններին ապակու փոխարեն ցելոֆան են կպցնում։ Քանի որ հիմա եղբոր ընտանիքն էլ է իրենց տանը բնակվում, «Փարոս»-ից էլ նպաստ չեն ստանում։
Հարությունը վարկ է վերցրել, ուշացումների պատճառով թոշակի քարտն արգելափակել են, հետո, ինչպես ինքն է ասում, բարի մարդիկ, օրինակ՝ հարկադիրից, միջնորդել են, որ պատերազմի վետերանը կարողանա ստանալ իր թոշակը։ Վարկն հիմա էլ ամբողջովին մարված չէ, եւ նա մտավախություն ունի, որ քարտը կարող են նորից արգելափակել։ Պատերազմի վետերան, «Ազատամարտի վետերանների միասնության» ու «Երկրապահ կամավորականների միության» անդամ լինելը նրան գրեթե որեւէ բան չի տալիս։
Օգնության ակնկալիքով Հարությունը տարբեր մարմինների է դիմել․ ապարդյուն։ Վերջերս նամակ է գրել ՀՀ վարչապետին, պաշտպանության նախարարությանը, տարբեր լրատվականների, արձագանքներ չեն եղել։ Աջակցություն քաղաքապետարանից ու թաղապետարանից էլ չեն ստացել։ Մի քանի անգամ սնունդ են բերել, բայց ասում է՝ դա իրենց վիճակը չի թեթեւացնում․ խանութպանին էլ կարող են խնդրել մի քիչ ուտելիք տալ, ավելի ուշ վճարելու պայմանով։
Վերջին հինգ տարիներին Հարություն Թովմասյանը դիմել է տարբեր տեղեր, այդ թվում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որ կարողանա մի նստակյաց աշխատանք գտնել, չի հաջողվում։ Ասում է՝ դա իրեն կօգնի նաեւ մարդկանց հետ շփվելու, չմեկուսանալու։ Հիմա կա՛մ ամբողջ օրը տանն է, կա՛մ էլ երբեմն բակ է իջնում։ Տիկին Վեներան էլ չի աշխատում։
«Արդեն 10 տարի է, ինչ չեմ աշխատում։ Դրանից առաջ խանութում էի աշխատում, հետո, երբ տեսողությունս վատացավ, հավաքարարություն էի անում, բայց հետո առողջական խնդիրներս շատացան, դրանից բացի էլ Հարութին պիտի խնամեի, չորս ամիս հիվանդանոցում պառկեց»,- պատմում է տիկին Վեներան։
Հարություն Թովմասյանն ամուսնացած է եղել, սակայն հաշմանդամության պատճառով կինը երկու դստեր հետ հեռացել է։ Հիմա նրանց հետ ոչ մի կապ չունի։
Արցախյան առաջին պատերազմի վետերան Հարություն Թովմասյանին աջակցելու համար կարող եք դրամական փոխանցում անել նրա խնամակալ մոր՝ Վեներա Բաղդասարյանի անունով ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարին՝ 5362340003997567։
Գործում են նաեւ հետեւյալ քարտային հաշիվները՝
Դրամ-16069030112401
Դոլար՝ 16069030112402
Եվրո՝ 16069030112403
Ռուբլի՝ 16069030112404
Հարություն Թովմասյանի հեռախոսահամարն է՝ 093-935603։