Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50-ը ունեն կորոնավիրուսի հնդկական՝ Դելտա շտամ:
Գաբունիան պարզաբանել է, որ նման միտում է նկատվում ամբողջ աշխարհում եւ եվրոպական երկրներում, որտեղ Դելտա շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամներին:
«Եթե մենք մինչ այս ասում էինք, թե Դելտա շտամը շրջանառվում էր մոտ 20%-ով, այժմ այն աճում է: Եվ, ըստ երեւույթին, նույնիսկ 40-50% կարող է լինել Դելտա շտամի տարածվածությունը: Եվրոպական երկրներում Դելտա շտամը գրեթե փոխարինում է մնացած բոլոր շտամներին, ուստի միտումները նման են Վրաստանի իրավիճակին»,- ասել է Գաբունիան:
Ղարիբաշվիլին բացառում է նոր լոքդաունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է կորոնավիրուսի նոր ալիքի դեպքում եւս մեկ լոքդաունի հաստատումը։
Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն ընտրել է ոչ թե լոքդաունների, այլ համաճարակի արդյունավետ կառավարման ճանապարհը։ Նա հավելել է, որ երկիրը նոր սահմանափակումների այլեւս չի դիմանա։
«Ո՛չ լոքդաունը, ո՛չ էլ տարատեսակ սահմանափակումներն արդարացված չեն լինի, առավել եւս, որ դրանք մեծ վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը։
Նա զգուշացրել է, որ նոր լոքդաունը կստիպի կառավարությանը մի քանի միլիարդ դոլարի նոր պարտք վերցնել։
«Այդ պարտքը հետագայում ստիպված են լինելու վճարել մեր քաղաքացիները»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ հակահամաճարակային սահմանափակումների վերացումից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում, Վրաստանում 12 տոկոսի տնտեսական աճ է արձանագրվել։
Մեկնարկել է Pfizer պատվաստանյութի կիրառումը
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հերթական փուլը։ Առաջին անգամ երկրի տարածքում կիրառվում է ԱՄՆ կառավարության կողմից որպես նվեր տրամադրված կես միլիոն ամերիկյան արտադրության Pfizer պատվաստանյութը։
Մեկնարկել է նաեւ պատվաստումների առցանց գրանցումը։ Ընդամենը մի քանի ժամում Pfizer-ով պատվաստվելու ցանկություն է հայտնել Վրաստանի ավելի քան 140 հազար բնակիչ։
Առաջիկա շաբաթներին երկրի առողջապահական համակարգի աշխատակիցների զգալի մասը զբաղված կլինի հենց ամերիկյան պատվաստանյութի ներարկումներով։
Վրաստանի առողջապահության նախարարության որոշմամբ՝ Pfizer-ով պատվաստումներով զբաղվելու են երկրի տարածքում գործող 37 հիվանդանոցներ եւ այնտեղ աշխատող ավելի քան 120 հազար բժշկական բրիգադներ։