Այլ երկրներից կամ արտասահմանյան հիմնադրամներից ֆինանսավորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով Թուրքիայում նոր կարգավորումներ են լինելու:
Թուրքիայի նախագահի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը նշել է, թե այլեւս թույլ չեն տալու «նոր քողարկումներ օգտագործող հինգերորդ շարասյան գործունեությունը»:
Նա շեշտել է, թե օտար պետությունների ու հիմնադրամների կողմից թուրքական լրատվամիջոցների ֆինանսավորումը չի կարող կապված չլինել որոշ պետությունների ղեկավարների՝ Թուրքիայի քաղաքականությունը ձեւավորելու ցանկությունների ու նպատակների հետ:
Ալթունն ընդգծել է, որ օտար պետությունների ու հիմնադրամների ֆինանսավորմամբ Թուրքիայում գործունեություն ծավալող լրատվական կազմակերպությունների մասով կարգավորման կարիք կա:
Նա բերել է ԱՄՆ-ի օրինակը, որտեղ արտաքին ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները վեց ամիսը մեկ ԱՄՆ իշխանություններին մանրամասն հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ:
«Թուրքիայում նույնպես նույն կարգավիճակով այլ պետություններից ուղղակի ֆինանսավորում ստացող տարբեր մեդիակազմակերպություններ կան»,- ասել է Ալթունը եւ հավելել, որ ամենասեղմ ժամկետում կավարտեն դրանց գործունեությունը համակարգող նոր կարգավորումների մշակման աշխատանքները: