Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ չափահաս բնակիչների 70 %-ն արդեն պատվաստվել է առաջին, իսկ 57 %-ը՝ նաեւ երկրորդ դեղաչափով:
Եվրամիությունը խնդիր էր դրել մինչեւ օգոստոսի վերջը ավարտին հասցնել չափահասների առնվազն 70 %-ին կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստման ծրագիրը:
Եվրոպայի երկրներում պատվաստումների գործընթացը մեկնարկել է նախատեսված ժամկետից բավական ուշ:
Առաջին փուլում պատվաստումները դանդաղ են ընթացել AstraZeneca պատվաստանյութի անբավարար մատակարարման պատճառով, սակայն վիճակը բարեբախտաբար շտկվել է Pfizer-BionTech ընկերության մատակարարումների շնորհիվ:
Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Դելտա շտամը շատ վտանգավոր է: Նա բոլորին հորդորել է հնարավորություն դեպքում պատվաստվել՝ սեփական առողջության եւ մյուսների պաշտպանության համար: «ԵՄ-ն կշարունակի բավականաչափ ծավալի պատվաստանյութեր տրամադրել»,- շեշտել է ֆոն դեր Լայենը:
Չպատվաստվող ֆրանսիացիները կազատվե՞ն աշխատանքից
Ֆրանսիայի աշխատանքի, զբաղվածության եւ ինտեգրման նախարար Էլիզաբեթ Բոռնը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց խուսափող աշխատողների պայմանագրերը կարող են սառեցվել, եւ նրանք հավանաբար կազատվեն աշխատանքից:
Կառավարությունը ֆրանսիացի աշխատողներին կտրամադրի վճարովի արձակուրդ աշխատանքային ժամերին պատվաստվելու համար:
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցով Կառավարության առաջարկած փաթեթին, որն ուղարկվել է Սահմանադրական խորհրդի քննարկմանը:
Ֆրանսիայում պատվաստումը դառնում է պարտադիր բուժաշխատողների, ծերանոցներում աշխատողների, հրշեջների, փրկարարների, ինչպես նաեւ զինվորականների որոշ խմբերի համար: Պատվաստումներից խուսափողներին կարող են ազատել աշխատանքից, իսկ սահմանված կանոնները խախտողներին կարող են տուգանել մեծ գումարով:
Ֆրանսիայում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ցույցեր պատվաստումների դեմ, բնակիչների մի խումբ պնդում է, որ պատվաստվելու պահանջը խախտում է մարդկանց սահմանադրական իրավունքները:
Թատրոնի տոմս՝ պատվաստման դիմաց
Հայաստանում պետական կառույցների աշխատակիցների պատվաստումը ցանկալի է համարվում: Մասնավորապես նշվում է, որ ուսումնական հաստատություններում դասընթացները կընթանան սովորական ձեւաչափով, եթե մանկավարժները պատվաստված կլինեն: Հակառակ դեպքում դրանք կանցկացվեն առցանց:
Կառավարությունը որոշել է պատվաստվածներին խրախուսելու համար թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների տոմսեր խաղարկել:
Հայաստանում պատվաստվել է բնակչության ընդամենը 5 %-ը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ավանեսյանը նշել է, որ հանրային տեղեկացվածությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական այսպիսի միջոցառումներ տեղի ունենան: Նա բերել է Հունաստանի օրինակը, որտեղ պատվաստման դիմաց երիտասարդներին փոքր դրամական փոխհատուցում են տալիս նոր ուսումնական տարվա սկզբին։
Մուտքի իրավունք՝ միայն պատվաստվածներին
Հետխորհրդային տարածքում պատվաստումների հարցում ամենաարմատական քաղաքականությունը որդեգրել է Ադրբեջանը։ Պատվաստվածների բավական բարձր ցուցանիշ ունեցող Ադրբեջանում իշխանությունները որոշել են պարտադիր պատվաստումների մարտավարության անցնել։
Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանի տարածքում Կառավարության որոշմամբ ռեստորաններ, հյուրանոցներ եւ առեւտրի կենտրոններ այցելելու իրավունք կստանան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված եւ ՔՈՎԻԴ անձնագիր ներկայացրած քաղաքացիները։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի բաժնի ղեկավար Շահմար Մովսումովը հայտարարել է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը պետական կառույցների աշխատակիցների առնվազն 80 %-ը ամբողջությամբ պատվաստված պետք է լինի:
Անվճար Moderna Տաջիկստանին եւ Ուզբեկստանին
ԱՄՆ-ը Տաջիկստանին անվճար Moderna է տրամադրել: Դուշանբե է առաքվել ամերիկյան արտադրության Moderna-ի մեկուկես միլիոն դեղաչափ։ Պաշտոնական Վաշինգտոնը COVAX ծրագրի շրջանակում երկու օրից Moderna-ի 3 միլիոն դեղաչափ կուղարկի Կենտրոնական Ասիայի մեկ այլ պետություն՝ Ուզբեկստան:
Հայաստանի Կառավարությունը եւս բանակցություններ է վարում Moderna ստանալու շուրջ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների կառավարությունը Վրաստանին է նվիրաբերել Pfizer-ի երկրորդ խմբաքանակը՝ կես միլիոն դեղաչափ։