ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից եւ Սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր վաղ առավոտյան՝ 03:30-03:40-ի սահմանում, սկսել են ինտենսիվ հրաձգություն:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդգծել է՝ բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց ուղիղ իրենց բնակավայրերի վրա: Ըստ բնակիչների`գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստանում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ամբողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին»,- նշված է ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրությունում: