«Առանց խոշոր տեխնիկայի միջամտության անհնար կլիներ քանդել, մասնատել մոնումենտալ հուշարձանը, այստեղ լուրջ տեխնիկա, նաեւ կռունկ է աշխատել»,- քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը ցույց է տալիս քանդակի լուսանկարները: Նրան է վստահված քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ հուշարձանի վերականգնումը:
Պղնձաձույլ քանդակը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ Երեւան-Սեւան մայրուղում, 1978 թվականին է տեղադրվել: 43 տարվա ընթացքում հուշարձանից այսօր միայն մետաղական կմախքն է մնացել, ենթադրաբար, դա էլ առաջիկա տարիներին հօդս կցնդեր, եթե Կառավարությունը 2019 թվականին չորոշեր վերականգնել այն:
Քանդակը դեռեւս հեղինակի կենդանության օրոք են սկսել կողոպտել: Դավիթ Բեջանյանը բոլոր հնարավոր կառույցներին ու անհատ բարերարներին էր դիմում՝ արձանը վերականգնելու խնդրանքով, գանձագողերից պաշտպանելու համար էլ առաջարկում էր փոփոխության ենթարկել քանդակի պղնձե ժապավենի հատվածը՝ այն փոխարինելով բետոնով:
«Հեղինակային փոփոխությունների գաղափարն իրագործելու համար մեծ գումարներ պետք չէին, հիմա արդեն ոչ թե վերականգնվում է, այլ զրոյից է ստեղծվում»,- ասում է վերականգնող քանդակագործը:
Կոմպոզիցիոն երկու տարրերից՝ ժապավենից եւ տղամարդու ու կնոջ ֆիգուրներից բաղկացած քանդակը 2006-2007 թվականներին հայտնվեց գանձագողերի ուշադրության կենտրոնում: Իրենց «սեւ» գործը սկսեցին ժապավենից՝ տարիների ընթացքում հասնելով մինչեւ տղամարդու ֆիգուրին, վնասված ու խարխուլ քանդակի կնոջ ֆիգուրն էլ ուժգին քամիներին չդիմացավ, վայր ընկավ: Վերջին բեկորը 2016 թվականին տեղափոխվեց Չարենցավանի հաստոցաշինական գործարան:
Վանդալիզմի քրոնիկոնն իր լուսանկարներով լավագույնս ներկայացրել է լուսահոգի Գերման Ավագյանը, նա առաջիններից էր, որ բարձրաձայնեց ոչ միայն օրեցօր ապականվող «Անվերջության ժապավեն», այլեւ Բյուրեղավան համայնքի տարածքում 1980 թվականին տեղադրված քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» մոնումենտալ քանդակի ոչնչացման մասին:
«Մինչ մենք զբաղված էինք պատերազմով, աղմուկի ներքո տղամարդուն «տարան»: Սա ֆեմինիզմի բացարձակ հաղթանա՞կն է Հայաստանում: Չէ՞ որ «Անվերջության ժապավեն»-ը ներառված է «մշակույթ-փեշակույթի» նախարարության տխրահռչակ ցուցակում: Ինչպե՞ս էր Չերչիլն ասում. ինչո՞ւ ենք մենք պատերազմում, եթե ոչ` մշակույթի համար: (Խմբ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Ասում է՝ եթե մենք չֆինանսավորենք մշակույթը, ապա էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում)»: Դե ինչ, նախարարությանը մնում է միայն ներկել արձանի մնացորդներն ու այն անվանել ժամանակակից արվեստի գործ»,- կարդում ենք Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջում: նկ.
Լուսանկարչի հրապարակումներից տեսնում ենք նաեւ մշակույթի նախարարության մասնակի ռեստավրացիայի ենթարկած, ավելի ճիշտ՝ անփութորեն ներկված «Արձագանք» արձանի վերականգնված տարբերակը:
Տարեցտարի ապականվող արձանի շուրջ լրատվամիջոցների ու քաղաքացիների ահազանգերից ու հրապարակումներից հետո մշակույթի նախարարությունն անդրդվելի մնաց՝ «Անվերջության ժապավեն»-ը ոչ միայն չվերականգնվեց, այլեւ քննարկվեց տեղում այլ հուշարձան կառուցելու միտքը:
Հարկ է նշել՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ»-ը 2014 թվականին էր ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Միայն 2019 թվականին նոր Կառավարությունը որոշում կայացրեց վերականգնել հուշարձանը, իսկ 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում եւ խնայված միջոցներից հատկացվեց շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքների համար: «Անվերջության ժապավեն»-ի վերականգնմանն ուղղվել է շուրջ 178 մլն դրամ, «Արձագանք»-ին՝ 62,5 մլն դրամ:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն մայիսի 4-ին պայմանագիր է կնքել «Մանուկյան Քնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Մանուկյանի հետ:
Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլեւ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:
«Երբ երեք տարի առաջ հայտարարվեց հուշարձանը վերականգնելու մրցույթը, այն ժամանակ ես ու ընկերս՝ Արա Ազիզյանը, որոշեցինք մասնակցել, սկսեցինք վերականգնման նախագիծը, ինչը բարդ գործընթաց էր, ուսումնասիրեցինք ծավալները, նյութերը, ներկայացրինք վերականգնման նախագիծն, ու ընտանիքի համաձայնությամբ սկսվեցին աշխատանքները: Հիմա դրվագման փուլում ենք, զուգահեռ քանդակների վրա ենք աշխատում, մեծ թափով են ընթանում աշխատանքները»,- ասում է Ռաֆայել Մանուկյանը եւ խոստանում, որ հոկտեմբերին հանրությունը կտեսնի վերականգնված հուշարձանը:
«Տվյալ պարագայում «վերականգնել» բառը տեղին չէ օգտագործել, քանի որ արձանի 90 տոկոսը չկա: Այն, ինչ արել է մեկ այլ հեղինակ, ավելի բարդ է, քան սեփականը ստեղծելը, կարեւոր պայման է՝ հեղինակի ձեռագիրը պահպանելը: Երբ էսքիզային փուլում էինք, լուսանկարներ էինք փնտրում, չէինք գտնում, այսինքն՝ քանդակի մասին այդքան բարձրաձայնվում էր, խոսվում էր, բայց երբ պետք էր ամբողջական տեսքը ներկայացնող որակյալ լուսանկարներ՝ տարբեր դիրրքերից, լուրջ խնդիր էր»,- պատմում է վերականգնող քանդակագործը:
Քիչ արխիվային նյութ է գտնվել, հիմնականում օգտվել են Բեջանյանների ընտանեկան արխիվից, որոշ լուսանկարներ էլ տրամադրել է լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը:
«Բոլոր կառույցներով անցել եմ՝ ազգային արխիվից մինչեւ նախարարություն, հուշարձանի տարբեր դիրքեր ու դետալներ ներկայացնող լուսանկարներ չկան»,- նշում է քանդակագործն ու սա ազդակ համարում, որ պետք է այսուհետ նման բացերի վրա աշխատել, մեր մշակութային ժառանգության մաս կազմող բոլոր հուշարձանները առավելագույնս պետք է չափագրել, լուսանկարել, նյութեր հավաքագրել:
Քանդակագործն ու Դավիթ Բեջանյանի ընտանիքի անդամները նույնիսկ հայտարարություն էին տարածել՝ հանրությանը խնդրելով արձանի դետալները ներկայացնող լուսանկարներ տրամադրել:
Հուշարձանը վերականգնելիս նաեւ բազմաթիվ տեխնիկական խնդիրների են բախվել, բայց դրանց մասին Ռաֆայել Մանուկյանը նախընտրում է խոսել հուշարձանի վերաբացումից հետո:
Հարցին՝ արդյոք տարածքը տեսահսկվելու է հուշարձանի պահպանության նպատակով, քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը պատասխանեց.
«Շատ կուզեի, որ տեսախցիկների, ոստիկանության հայացքի կարիք չլիներ, մեր քաղաքացիները գիտակցեին, որ մշակութային ցանկացած կոթող սերունդներինն է, պետք է խնամքով պահպանել, բայց քանի դեռ գիտակցության այդ մակարդակի չենք հասել, այո՛, տարածքն ու հուշարձանը տեսահսկվելու են»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։