Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ աֆղանական բանակի զինծառայողները հուլիսի 27-ին ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, վիրավորվել են 138-ը:
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի զորամասերը հաջող գործողություններ են իրականացրել Քանդահարի, Զաբուլի, Հերաթի, Ջաուզջանի եւ Հիլմենդի նահանգներում: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է զինյալների ձեռքով տեղակայված 32 ինքնաշեն պայթուցիկ սարք:
Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է աֆղանական բանակին աջակցելու՝ դաշինքի վճռականության մասին:
Ստոլտենբերգը հայտնել է նաեւ Աֆղանստանի զինծառայողների պատրաստման գործում օժանդակություն եւ ֆինանսական օգնություն ցույց տալու մասին:
Ըստ այդմ՝ մինչեւ 2024 թվականը Աֆղանստանն ԱՄՆ-ից եւ Հյուսիսատլանտյան դաշինքից տարեկան 4-ական միլիադ դոլարի օգնություն կստանա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14-ին հայտարարել է Աֆղանստանում ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ավարտելու որոշման մասին:
«Թալիբանը» հուլիսի սկզբին վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի՝ Իրանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին, ՉԺՀ-ին եւ Պակիստանին սահմանակից շրջանները:
Ըստ Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայի՝ բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից:
Գեներալը շեշտել է, որ «Թալիբան»-ի պարագլուխները մտադիր են նախ կտրել ապրանքների մատակարարման հիմնական ուղիները, այնուհետեւ գրոհել քաղաքների եւ շրջանների վրա: