Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի կենսաբազմազանության հարցերով ենթահանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման խնդրի շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ արագիլների հարցերով զբաղվող մասնագիտացված կազմակերությունների ներկայացուցիչներ:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունները, ըստ որի՝ Արարատի մարզում հաշվառված սպիտակ արագիլների 60%-ը աղտոտված է:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը չհամաձայնեց աղտոտվածության նման բարձր ցուցանիշի հետ՝ պնդելով, որ իրենց ակնադիտական ուսումնասիրություններով աղտոտված արագիլների թիվն անհամեմատ քիչ է: Հասարակական խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ներկայացրեց, որ օրեր առաջ Հովտաշենից Հովտաշատ գյուղեր ընկած հատվածում հաշվառել է 47 արագիլ, որոնցից 29-ը տարբեր աստիճանի աղտոտված են եղել:
Քննարկում ծավալվեց հիմնախնդրի առաջացման աղբյուրների հնարավոր պատճառների, աղտոտող նյութի բաղադրության եւ հնարավոր լուծման տարբերակների շուրջ՝ ձկնաբուծարաններից մինչև չնախատեսված վայրում սննդային, բուսական ու կենդանական ծագման թափոնների տեղակայման վայրեր, ջրային ավազանների աղտոտվածություն եւ այլն:
Վրեժ Գալոյանը հավաստիացրեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները այցելել են բոլոր այն ձկնաբուծարանները, որոնք արտահանում են իրականացնում ու կարող են ունենալ նման թափոններ: Այստեղ իրավ խնդիր կա, քանի որ այդ ձեռնարկությունները հիմնականում ունեն թափոնի անձնագիր ու պայմանագրեր թափոնների տեղափոխում իրականացնող կազմակերպությունների հետ, սակայն այդ թափոններն ինչ քանակի են, որտեղ եւ ինչպես են տեղակայվում, ամբողջական տվյալներ չկան:
Գալոյանը հավաստիացրեց, որ կենդանական ծագման թափոնների մասով խնդիրն իրենց իրավասություններից դուրս է, դա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթն է: Բնապահպանական տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նա նշեց, խախտումներ թույլ տված ձեռնարկություններին հանձնարարականներ ու ժամկետ են տվել, ըստ որի՝ դրանք պետք է դիմեն շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար: Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը դեռ ոչ մի դիմում այդ ընկերություններից չի ստացել:
Ներկաները նկատեցին, որ տարածքում բնադրող այլ թռչունների շրջանում նման աղտոտվածություն չի նկատվում, ինչը նշանակում է, որ խնդիրը սերտորեն կապված է արագիլների կենսակերպի հետ:
Թռչնաբան Կարեն Աղաբաբյանը ուշադրություն հրավիրեց արագիլների սնման ձեւի վրա՝ շեշտադրելով, որ առավելապես աղտոտված են երիտասարդ թռչունները, որոնք դեռ բնից դուրս չեն գալիս, ինչը նշանակում է, որ հնարավոր է դրանք աղտոտվում են ծնողների կողմից բնում կերակրման ժամանակ:
Արձանագրվեց, որ արագիլների աղտոտումը շարունակում է մնալ շուտափույթ լուծման կարիք ունեցող կարեւորագույն խնդիրը։ Ներկաները ողջունեցին հասարակական կազմակերպությունների, մասնավորապես NABU-ի հայաստանյան մասնաճյուղի եւ Bird Links Հայաստանի կողմից տարվող հետեւողական աշխատանքը: Նրանք ոչ միայն փրկում են աղտոտված արագիլներին, այլեւ կարեւոր հետազոտություն եւ մշտադիտարկում են իրականացնում, ինչը հնարավորություն կտա պարզելու աղտոտման աղբյուրները:
Արբանյակային տվիչներ կրող արագիլների շարժին հետեւելով՝ աղտոտման թեժ կետերի վերաբերյալ արդեն իսկ որոշ պատկեր ուրվագծվել է: Լաբորատոր ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ արագիլների փետուրներն աղտոտված են բուսական ծագման յուղերով: Ուստի որոշվեց պետական այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ կազմել աղտոտման արեալների տարածքում առկա սննդամթերքի, պահածոների ու նման այլ արտադրությամբ զբաղվող բոլոր հնարավոր ընկերությունների ցանկը ու տեսչական ստուգումներ անցկացնել՝ ներգրավելով նաեւ հասարակական խորհրդի անդամներին:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։