Ըստ Europe Elects-ում հրապարակված սոցհարցման վերջին տվյալների՝ Թուրքիայի իշխող ուժի եւ վերջինիս հետ դաշինք կազմած աջ ծայրահեղականների քաղաքական աջակցության ցուցանիշը նվազել է:
Area ուսումնասիրությունների կենտրոնը հարցում է արել՝ պարզելու համար, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս օրերին։
Սոցհարցման մասնակիցների 35.2 %-ը հայտնել է, որ ընտրություններին կքվեարկի Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին, 10 %-ն իր ձայնը կտա իշխող ուժի հետ «Ժողովուրդ» դաշինքը կազմած «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թեւին՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Հարցման մասնակիցների 23,7 %-ը նշել է, որ պատրաստ է քվեարկելու գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության, 14.4 %-ը՝ ազգայնական ուղղվածության «Լավ» կուսակցության, 10.1 %-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին: