Ըստ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի՝ նախարարությունը նախապատրաստում է կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու, ինչպես նաեւ վարակի տարածումը կանխարգելելուն միտված որոշակի սահմանափակումների փաթեթներ, որոնք շուտով կներկայացվեն Կառավարությանը։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ ե՛ւ սահմանափակումների, ե՛ւ խրախուսման, փորձում հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ։
«Եթե նախկին շտամների պարագայում պատվաստման համար բնակչության թիրախային ցուցանիշ էր վերցվում 65 տոկոսը, ներկայում՝ այս Դելտա շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ընդհանուր ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելիի»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կորոնավիրուսային համավարակի առումով տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է, բայց Հայաստանում պահպանվում է կայուն իրավիճակ։ «Բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք։ Ուստի պետք է ամեն ինչ անենք, որ թվերի կտրուկ աճ չունենանք»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: