Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահներն այսօր այցելել են Շուշի։
Սահիբա Գաֆարովան, Մուստաֆա Շենթոփը եւ Ասադ Կայսարը Շուշի են ժամանել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակում:
Երեք երկրների խորհրդարանների ղեկավարները ծանոթացել են Շուշիում ընթացող շինարարական աշխատանքներին։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների Շուշի այցից առաջ ստորագրած «Բաքվի հռչակագրով»՝ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ երեք երկրների ավելի համապարփակ համագործակցությունը:
Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբերհարձակումների, հիբրիդային պատերազմների եւ մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսեւորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:
Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա՝ ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»:
Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահները «դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար», ինչպես նաեւ լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին «ազատագրած տարածքները վերականգնելու եւ տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում»: