ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի վարչապետի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուսական սահմանապահներ տեղակայելու մասին հայտարարությանը Կրեմլի վերաբերմունքի հարցին ի պատասխան ասել է, թե Երեւանի հետ շփումները շարունակվում են, դրան ավելացնելու բան չունի:
«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել: Գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի:
Աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երեւանի եւ Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», — ասել է Պեսկովը:
Հուլիսի 29-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հավանականության մասին եւ նշել, որ դա հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնելու առանց ռազմական բախումների ռիսկի:
Փաշինյանը նշել է, որ հարցը մտադիր են քննարկել ռուս գործընկերների հետ։
Ավելի վաղ Փաշինյանը առաջարկել էր միջազգային դիտորդներ տեղակայել Սյունիքի սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում։