ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաեւը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարել են, որ մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերով, մարդկային զոհերի մասին հաղորդումներով:
Համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են անհապաղ նվազեցնել լարվածությունը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության եւ հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների:
Համանախագահները վերահաստատել են հակամարտության համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը եւ կողմերին հորդորել շուտափույթ վերադառնալ Համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին:
Համանախագահները կրկնել են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը՝ առանց նախապայմանների։
Համանախագահները վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի շարունակական ջանքերին: