ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 29-ին՝ 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։
Մասնավորապես խոցվել է ադրբեջանական ԶՈՒ սպառազինության Aerostar տեսակի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 29-ի երեկոյան եւ հուլիսի 30-ի 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայաստանյան ԶԼ միջոցներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին եւս մեկ անգամ հորդորել է չտարածել չճշտված, առավել եւս` ակնհայտ խեղաթյուրված եւ խուճապ առաջացնող տեղեկություններ եւ առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով: ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջեւ դրված խնդիրները: