Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացրած բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել գործը:
2017-ին Վաշինգտոնում Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահները կռվի էին բռնվել Թուրքիայի նախագահի դեմ բողոքող ցուցարարների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանցից մի քանիսին:
2019-ի սկզբին վնասվածքներ ստացած ցուցարարները երկու տարբեր հայցերով դիմել էին դատարան՝ Թուրքիայից փոխհատուցում պահանջելով: Ի պատասխան՝ թուրքական կողմը բողոքարկել էր հայցերն ընդունելու դատարանի որոշումը՝ պահանջելով ընթացք չտալ հայցերին:
2021-ի հուլիսի 27-ին դատարանը, նշելով, որ թուրք թիկնապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը չի կարող Էրդողանին պաշտպանելու համար իրականացված անվտանգության միջոցառում համարվել, մերժել է թուրքական կողմի բողոքը: