Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Վրաստանում կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները եւս այսուհետեւ կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ` երեք կլինիկաներում։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ օտարերկրացիները կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստվել Թբիլիսիի կենտրոնական համալսարանական կլինիկայում, Բաթումի հանրապետական հիվանդանոցում եւ Քութայիսի` հաշմանդամների եւ տարեցների կլինիկական վերականգնողական կենտրոնում:
Վրաստանի ԱՆ-ն նշել է, որ պատվաստանյութը հասանելի կլինի առնվազն երեք ամիս առաջ երկիր մուտք գործած եւ Վրաստանում օրինական բնակվող օտարերկրացիներին, Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների` Ցխինվալի շրջանի եւ Աբխազիայի բնակիչներին, առանց փաստաթղթերի պատիժ կրող անձանց, միջազգային դոնորների, դիտորդական առաքելությունների աշխատակիցներին, Դիվանագիտական կորպուսի ներկայացուցչություններին եւ նրանց ընտանիքի անդամներին, հյուպատոսությունների կամ նրանց համարժեք միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին, օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ուսումնառության նպատակով են Վրաստանում եւ չեն կարողացել մեկնել հայրենիք, Վրաստանի քաղաքացիների ընտանիքի` ոչ ռեզիդենտ համարվող անդամներին, ինչպես նաեւ «Աշխատանք Վրաստանից» ծրագրի մասնակից օտարերկրյա քաղաքացիներին։ Վերոնշյալ կատեգորիաների օտարերկրացիները համակարգում կգրանցվեն միայն պատվաստումներից հետո: