Ըստ վրացական sova.news գործակալության՝ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիխանովին։ Դեռ չհաստատված տեղեկություններով՝ նա վայր է ընկել բազմահարկ շենքի պատուհանից։
Բաքիխանովի ծանոթ բլոգերները չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից։ Նրա բարեկամը՝ Ավթանդիլ Մամադովը, նշել է, որ մահից երկու օր առաջ Հուսեյնն իրեն պատմել է Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի մասին։
Բլոգերը ենթադրել էր, որ այդ մարդիկ իր վրա հարձակվել են Բաքվի հրահանգով։ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրում Վրաստանից, քանի որ Ադրբեջանում հետապնդումների էր ենթարկվում։
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին նշել է, որ Բակիխանովին հետապնդում էր ադրբեջանական ոստիկանությունը: Բակիխանովին ձերբակալել են մայիսի 7-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, ազատ արձակվելուց հետո էլ լրագրողներին ասել, որ ոստիկաններն իրեն խոշտանգել են:
«Թբիլիսիում նա անընդհատ քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը ադրբեջանական լրատվամիջոցներում եւ սեփական ալիքով»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Մուխթարլին: