Համեստ Գրիգորյանի ձեռքի տոպրակը ծանրանում է ամեն անգամ, երբ նա մոտենում է նոր տաղավարի: Նա գրքի երեւանյան փառատոների մշտական այցելուներից է։ Ամեն ամսվա աշխատավարձի զգալի մասը հենց գրքերին է հատկացնում։ Ընթերցասեր կնոջն այսօր Թումանյանի տուն-թանգարանի նոր հրատարակություններն են գրավել: Ասում է՝ գիրքը բոլոր ժամանակների լավագույն նվերն է, այստեղ նա նաեւ այդ նպատակով է: Գրքատոնն էլ շահավետ գնումներ անելու լավ առիթ է համարում:
Շուրջ 40 մեծ ու փոքր հրատարակչություններ այս տարի ընթերցողին առաջարկեցին գիրք գնել 20-60% զեղչով։ Բեսթսելլերներ լույս ընծայող «Նյումեգ» հրատարակչության աշխատակիցները հաստատում են՝ շատերը գալիս են զեղչերի համար:
«Նյումեգ»-ի վաճառքի եւ մարկետինգի պատասխանատու Գոհար Ալեքսանյանն իր սեփական վերլուծությունն է արել : Ասում է՝ առաջին օրն ավելի մեծ էր մարդկանց հոսքը, բայց վաճառքից դժգոհ էին, երկրորդ օրը հակառակ պատկերն էր. հոսքը քիչ էր, շատ էին գնորդները:
«Շուրջ 40 անուն գիրք ենք վաճառել,- հավելում է հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Ավետիս Հարությունյանը,- արագ սպառվել են նախորդ ամիս հրատարակված Նարինե Աբգարյանի «Սիմոն»-ը, Ժան-Ֆիլիպի ու Պատրիկ Ֆորիի «Զիդան. երկու կյանք»-ը, Ալեքս Մայքլիդիսի՝ «Կույսեր»-ը: «Նյումեգ»-ն այս փառատոնի ընթացքում նաեւ երկու նոր գրքի շնորհանդես ունեցավ, եւ առհասարակ, շնորհանդեսների, բանախոսությունների, հեղինակների հետ հանդիպումների պակաս չեղավ։
Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը փառատոնը կարեւորում է համագործակցության տեսանկյունից. «Թանգարանը երկու օրվա ընթացքում կապ է հաստատել նոր գրախանութների հետ՝ նոր հրատարակություններն ավելի ակտիվ շրջանառության մեջ դնելու համար: Անցյալ տարի թանգարանի հրատարակած գրքերը գրախանութներում հասանելի դարձան հենց Բուքֆեստի շնորհիվ։ Այս տարի եւս երկու գրախանութի հետ ենք պայմանավորվածություն ձեռք բերել, նոր համագործակցություն ենք ակնկալում նաեւ երկու հրատարակչությունների հետ»:
«Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանի կարծիքով փառատոնը միմյանց ճանաչելու, գրաշուկայի ընդհանուր պատկերը տեսնելու միջոց է: «Նախորդ փառատոնի համեմատ ակտիվությունն է պակասել»,- նշում է «Դարակ»-ի տնօրենը՝ դա պայմանավորելով վերջին երկու տարվա իրադարձություններով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն ասում է՝ փառատոնն ընդլայնելու, միջազգային գրաշուկայի հետ կապեր հաստատելու մտադրություն ունեն: «Գրահրատարակչության ոլորտում աշխուժություն կա,- ասում է նա եւ ցույց տալիս երեք տասնյակի հասնող հրատարակչությունների տաղավարները: Գրախանութներում գրքերի պահանջարկը մեծացել է, հայկական գրաշուկայի համար օտարերկրյա գրքերի հեղինակային իրավունքների ձեռքբերման թվերն աճել են, գործընթացը հեշտացել է: Եթե 10 տարի առաջ արտերկրի գործակալներին համոզում էին, որ Հայաստանում գիրք վաճառվում է, հիմա դրա կարիքը չկա»,- Արմեն Սարգսյանը դա վերագրում է ընթերցանությունը խթանող բազմաբնույթ միջոցառումներին, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի գրքի երեւանյան փառատոնը:
Օգոստոսի 1-ին՝ փակման օրը, հայտնի դարձան նաեւ այս տարվա մրցույթի հաղթողների անունները: «Արձակ» անվանակարգում ներկայացվել էր 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ:
«Պոեզիա» անվանակարգում մրցանակ ստացավ երիտասարդ բանաստեղծ Լուսինե Եղյանը: Նրա մուտքը գրական դաշտ «Գրեթերթ»-ով է եղել: Մրցանակը Լուսինեին տրվեց «Երկիր պատ» շարքի համար: Բանաստեղծությունների երկու ժողովածու ունի Լուսինեն, հաջողված է համարում 2019-ին լույս տեսած «Ինքնահոսի» ժողովածուն:
«Ակորդեոն, զուռնա, դհոլ» եւ «Դավաճանություն» պատմվածքների համար առաջին մրցանակի արժանացավ Հովիկ Աֆյանը: Աֆյանը «Միս ուտողները» , «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր» վեպի հեղինակն է։ «Մի շարք մրցանակաբաշխությունների եմ մասնակցել, բայց առաջին անգամ եմ հաղթում»,- արձակագիրը սրանով է կարեւորում մրցանակը:
Հաղթողները ստացան նաև «Եղիշե Չարենց» հուշամեդալներ, իսկ մրցանակային՝ 250000-ական դրամը, ինչպես նշեցին, կծառայի նոր գործերի հրատարակմանը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։