Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նշելով, թե հպարտ է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր իրեն հնարավորություն է ընձեռվում բացելու ինչպես 6-րդ, 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանը՝ Հասանովը բոլոր պատգամավորներին հանդուրժողականության կոչ է արել։
ՀՀ հիմնի հնչելուց հետո նիստին ներկա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Տերունական աղոթքն է կարդացել եւ օրհնել նորընըտիր ԱԺ-ի աշխատանքը։ Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները երդմամբ ստանձնել են լիազորությունները:
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում է Սյունիքի կալանավորված համայնքի ղեկավարների՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի լուսանկարներով շապիկներով։ Նրանցից երկուսը՝ Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը, դաշինքի պատգամավորներ են։
ԱԺ անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն,ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքը (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժը։