Թուրքիայում նախորդ շաբաթվա սկզբին սկսված եւ շուրջ երկու տասնյակ շրջաններ ընդգրկած անտառային հրդեհները շարունակվում են։ Տասնյակ գյուղեր եւ այդ տարածքներում տեղակայված հյուրանոցներ տարհանվել են։
Իրավիճակը թեժ է յոթ նահանգում, հատկապես Անթալիայում եւ Մուղլայում։ Կրակի զոհ է դարձել առնվազն 8 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։
Հրդեհների մարման համար ընդգրկված է հարյուրավոր միավոր տեխնիկա, դրանց թվում՝ Ռուսաստանից ուղարկված ինքնաթիռներ։ Ուկրաինան եւս մեկ հրշեջ ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա։ Օգնություն են ուղարկել նաեւ Իրանը եւ Ադրբեջանը։ Վրաստանի կառավարությունը եւս Թուրքիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
Եվրամիությունը հայտարարել է, որ օժանդակություն կուղարկի Թուրքիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։ Վաղը Անկարա կհասնեն իսպանական եւ խորվաթական հատուկ ինքնաթիռներ եւ հրշեջ սարքավորումներ։
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը։ Ըստ Yeni Şafak թերթի՝ կազմակերպությունը կապված է նաեւ Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
Կազմակերպությունը հայտարարել է, որ անտառները հրկիզել են, քանի որ թուրքական ռեժիմը ուրիշ լեզու չի հասկանում, եւ նրան պետք է ծնկի բերել կրակով: