ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Գլխավոր դատախազն ընդգծել է ՌԴ դատախազության եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների՝ տեղում իրականացվող աշխատանքը՝ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի եւ ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով:
Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՌԴ ղեկավարության, մասնավորապես ՌԴ գլխավոր դատախազի՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերը:
Կողմերն անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: