Ամերիկյան The Week պարբերականն անդրադարձել է կիբերհանցագործության թեմայով ամերիկյան մամուլի հրապարակումներին:
Ըստ The Washington Post-ի՝ Ռուսաստանի հետ կապ ունեցող երկու կիբերհարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ «հստակ վերջնագիր» տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հարձակումներից մեկը տեղի է ունեցել հուլիսի 4-ի տոնական օրերից առաջ, երբ ամերիկյան հարյուրավոր բիզնեսներ դարձան ռուսական կիբերհանցագործների զանգվածային գրոհի թիրախներ: Հաջորդը ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հաքերային գրոհն էր ԱՄՆ ազգային հանձնաժողովի կապալառու կազմակերպության վրա:
Chicago Tribune-ը նշել է, որ Պուտինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ Բայդենը նրան նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը վրեժխնդիր կլինի «կիբեր» արձագանքով, եթե ռուս հաքերները գրոհեն 16 կարեւոր ենթակառուցվածքների վրա: Եթե Բայդենին չհաջողվի իրականացնել սպառնալիքները այս գրոհներից հետո, ապա ոգեւորված Ռուսաստանը կարող է կաթվածահար անել ԱՄՆ-ի բիզնեսները եւ փակել էլեկտրական ցանցերը:
Ամերիկյան մամուլը պնդում է, որ Բայդենը Պուտինին պետք է տեղը դնի եւ հայտարարի, որ ԱՄՆ-ը եւ նրա ժողովրդավարական դաշնակիցները Ռուսաստանը կհռչակեն «թիվ 1 գլոբալ կիբերթշնամի» եւ ընդհանրապես կհրաժարվեն Ռուսաստանի կամ նրա ընկերությունների հետ գործ ունենալուց:
Եվրոպան էներգետիկ մատակարարումների առումով մեծապես կախված է Ռուսաստանից, ուստի դեմ կլինի նրա հետ առեւտրային գործարքներն ընդհատելուն: Բայդենը կարող է առաջ քաշել crypto-արժույթի փոխանակումների կանոնակարգման հարցը՝ վճարումներն արգելափակելու եւ հաքերներին սովի մատնելու համար, բայց դա պարզապես կիբերհանցագործներին կդրդի դիմելու այլ «անանուն» արժույթի:
ԱՄՆ-ի պատասխան կիբերհարձակումը Ռուսաստանին կստիպի իրականացնել ավելի ագրեսիվ գրոհներ Ամերիկայի ենթակառուցվածքների վրա:
TheDispatch.com-ը նշել է, թե Բայդենի տարբերակները սահմանափակ են եւ հղի վտանգավոր մարտահրավերներով: «Պուտինը՝ խորհրդային «ԿԳԲ»-ի նախկին գործակալը, համառորեն ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հավասար են»,- ընդգծել է հոդվածագիրը։ Ըստ նրա՝ Պուտինը կարծում է, որ հարգանք կարելի է ձեռք բերել միայն ագրեսիայի եւ վախի միջոցով: «Բարի գալուստ նոր սառը պատերազմ»,- եզրափակել է TheDispatch.com-ը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը