ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ ընկերությունն ընդերքի օգտագործման բոլոր ձեւերի աշխատանքների ընթացքում չի պահպանել եւ չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն (գործունեության տարածքի սահմանագծում), չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։
Չեն պահպանվել նաեւ հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները։ Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության «Հասինէդ»-ն օգտագործել է 36000 խմ ստորերկրյա ջուր։ Գործունեությունն իրականացրել է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով։
Տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են նաեւ, որ չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները եւ օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։ Վնաս է պատճառվել գյուղատնտեսական նշանակության 0.55 հա մակերեսով այլ հողատեսքի հողերին եւ 1.61 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերին:
«Հասինէդ» ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են ընդհանուր 550.000 ՀՀ դրամի վարչական տույժեր։
Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ շուրջ 40 միլիոն դրամի չափով հասցված վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն։
Ընկերությունն արդյունաբերական գործունեություն է ծավալում Արմավիրի մարզի Ջրառատ եւ Ապագա համայնքների վարչական տարածքներում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։