Օգոստոսի 2-ին մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը պետք է ընտրի նախագահի, փոխխոսնակների, նաեւ օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովների ղեկավարների:
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ նախագահի ընտրվելը վարում է տարիքով ավագ պատգամավորը: Այս անգամ դա իշխանական խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն է: Նախքան հարցերին անցնելը նորընտիր պատգամավորները հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ինչպես եւ սպասելի էր, հարթ չընթացավ: «Հայաստան» դաշինքի պատգամավորները պահանջեցին ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերների՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասնակցությունը նիստին:
«Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը տարակուսեց․ «Արտառոց վիճակում ենք։ Չի եղել այսպիսի գումարում, որ մենք սկսենք, երկու պատգամավոր գործընկերներ գտնվեն կալանքի տակ՝ ազատությունից զրկված։ Իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները»:
Իշխանական խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը հորդորեց չխանգարել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը: Պատգամավորը պնդեց, որ իրավիճակն այլ է․ «Արարքները, որոնք վերաբերում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչեւ պատգամավորական մանդատը ստանալը: Եվ որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը խախտվել է ԿԸՀ-ի համապատասխան որոշումներով»։
Բուռն քննարկումներից հետո ընդդիմադիր պատգամավորները 20 րոպե ընդմիջում պահանջեցին՝ կազմակերպելու իրենց երկու գործընկերների ազատ արձակումը կամ որոշելու հետագա անելիքները:
Ընդմիջումից հետո իշխանական եւ ընդդիմադիր ուժերը ներկայացրին Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուներին՝ կալանքի տակ գտնվող Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին։ Իշխանական պատգամավորներն առաջադրեցին Ալեն Սիմոնյանին: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին՝ իրենց թեկնածուները պետք է ելույթ ունենան։ Նախագահող Կնյազ Հասանովը տարակուսեց․ «Դե հիմա, որ իրենք ստեղ չեն, ո՞նց կարող են ելույթ ունենալ»։
Կնյազ Հասանովի այս խոսքերից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը:
Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացումը և հարց ու պատասխանն անցան միայն իշխանական պատգամավորների ներկայությամբ:
Ելույթից անմիջապես հետո պատգամավորներն անցան գաղտնի քվեարկության։
Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը քվեարկությունից հետո պետք է հրապարակեր արդյունքները, փոխարենը հայտարարեց, որ քվեարկությունը նորից են կազմակերպում։ «Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ կա, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն»։
Իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ կհրավիրվի լրացուցիչ նիստ նոր քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։ Նոր քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտարարեց արդյունքները. «Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր: Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն»։ Նիստը նախագահող Կնյազ Հասանովն Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ հայտարարեց: