Հայաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերում մեդալ կունենա նաեւ բռնցքամարտում: Այսօր՝ 07:18-ին, 63 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին եւ մտավ կիսաեզրափակիչ: Բաչկովն առնվազն ամրագրել է բրոնզե մեդալ:
Հովհաննես Բաչկովը հաջորդ մրցամարտը կանցկացնի օգոստոսի 6-ին: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը կհանդիպի ամերիկացի Քիյշաուն Դեւիսի հետ, որն ընթացիկ մարտում 4:1 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Գաբիլ Մամեդովին:
Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին (Անտիգուա եւ Բարբուդա)՝ 5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիեւին՝ 4։1։
Դեռ հնարավորություն ունի
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեց մրցաշարը` 1/8 եզրափակիչում պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն, հունգարացի Բալինթ Կորպաշին, թեեւ մարտը վերջացավ ոչ-ոքի` 1:1:
Քառորդ եզրափակիչ մրցամարտում մեր ըմբիշը հանդիպեց եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլ Սայեդի հետ: Առաջին մրցափուլը նա զիջեց 2:7 հաշվով, երկրորդում հավասարեցրեց այն` 7:7: Ասլանյանը զգուշացում ստանալու պատճառով պարտություն կրեց:
Կարեն Ասլանյանը դեռ հնարավորություն ունի պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե նրա վերջին մրցակիցը մտնի եզրափակիչ: Այդ դեպքում մեր մարզիկը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ փոքր եզրափակիչ մտնելու համար:
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Տոկիոյի օլիմպիական խաղերում կխաղարկվի 27 կոմպլեկտ մեդալ: Դրանցից երեքին կմասնակցեն Հայաստանի մարզիկները՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը՝ բրոնզե, Արթուր Ալեքսանյանը եւ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը՝ ոսկե մեդալի համար: Խաղերի մասնակից 9 ծանրամարտիկների մեջ գլխավոր ֆավորիտը հենց հայ մարզիկ Սիմոնյանն է, որը երկամարտի համաշխարհային ռեկորդակիր է: