Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում 17,6 ՄՎՏ հզորությամբ ՀԷԿ կկառուցվի։
Արցախի նախագահի գրասենյակից հայտնել են, որ երեկ նախագահ Արայիկ Հարությունյանը էներգետիկ անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել։
Արցախը մինչեւ Արցախյան վերջին պատերազմը էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ էներգետիկ հզորությունների զգալի մասը Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներում է մնացել, եւ ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի։
Նա ընդգծել է, որ ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից:
«Ուստի էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու եւ տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- հայտարարել է Արցախի նախագահը։
Շուրջ 25 միլիոն դոլար արժեքով «Գետավան-1» ՀԷԿ-ի կառուցման նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաեւ այլ ներդրողներ: