Թուրքիայում մարդու իրավունքներով զբաղվող փաստաբան Ալի Դեմիր Գյուլերն ահազանգել է, որ չափազանց մեծ թվով փախստականներ ընդունող Թուրքիան սոցիալ-տնտեսական առումով հազիվ թե դիմանա այդ բեռին։
Եթե 2010-ին Թուրքիայում ընդհանուր առմամբ 25 հազար փախստական կար, 2011-ին փախստականների թիվը զգալիորեն աճել է ներգաղթող սիրիացիների պատճառով:
5 միլիոն օրինական եւ անօրինական ներգաղթյալ
2015-ին Թուրքիայում ապաստանել է 1,8 միլիոն սիրիացի փախստական, 2019-ին այդ թիվը հասել է 3,6 միլիոնի։ Այլ երկրներից եկած փախստականների թիվն էլ շուրջ 360 հազար է։
Եթե 4 միլիոն ներգաղթյալներին գումարենք նաեւ պաշտոնական հաշվարկներում չներառված անօրինական ներգաղթյալները, պարզ կդառնա, որ Թուրքիայում 5 միլիոն փախստական կա, ինչն ամբողջ աշխարհում ռեկորդային ցուցանիշ է։
Չնայած այս թվերին, ըստ թուրք փաստաբանի, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն այս հարցում որեւէ համակարգված քաղաքականություն չի վարում։
Գյուլերը նշել է, որ մարդու իրավունքների խախտման հարցում առաջատարը հենց իշխանությունն է։
Գերմանական փորձն ու թուրքական փորձանքը
Գերմանիան, իր որդեգրած որոշակի քաղաքականությանը հակառակ, 843 հազար սիրիացու է ընդունել։ Ըստ Գյուլերի՝ Գերմանիան կրթել է այդ մարդկանց, ապաստան ու աշխատանք տվել, ներառել երկրի տնտեսության մեջ։
Մինչդեռ Թուրքիան բոլորովին հակառակն է արել. փախստականներին ցրել է 81 նահանգներով ու ոչինչ չի տվել նրանց։
Փաստաբանի գնահատմամբ տնտեսությունից ու մարդու հիմնարար ազատությունների դեմ ոտնձգություններից հետո Թուրքիայի երրորդ ամենամեծ խնդիրը փախստականների հարցն է, որն առաջիկայում կարող է լրջորեն հարվածել Թուրքիային:
Գյուլերը պնդել է, որ երբ 2021-ի սեպտեմբերին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց ուժերը վերջնականպես դուրս բերեն Աֆղանստանից, աֆղան փախստականների հոսքը Թուրքիա կահագնանա։ Եվ եթե Թուրքիան, ինչպես սիրիացիների դեպքում, խոստանա նրանց էլ ժամանակավոր ապաստան տալ, այդ հոսքը մեծ մասշտաբների կհասնի։
Փախստական պապը, հայրը եւ որդին
Գյուլերը զգուշացրել է, որ Թուրքիան էլ Հորդանանի պես կարող է վերածվել մի երկրի, որի բնակչության քսան տոկոսը փախստականներ են, ու փախստականի կարգավիճակը սերնդեսերունդ փոխանցվում է։ Ըստ նրա՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով Թուրքիան դրան չի դիմանա։
Իրավապաշտպանը շեշտել է, որ այդ ամենի դեմ միակ լուծումը կարճաժամկետ հեռանկարում փախստականների հետդարձի մեխանիզմների մշակումն է՝ նրանց անվտանգությունն ու հիմնարար իրավունքները պաշտպանելու պայմանով։
Իսկ հարցի առավել համապարփակ լուծման համար, ըստ թուրք փաստաբանի, մոտ ապագայում պետք է հատուկ քաղաքականություն մշակել, հիմնել միգրացիայի նախարարություն, վերանայել այս հարցով միջազգային պայմանագրերը։