ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ֆրանսիայի նախագահը հույժ կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կերպ խաչաձեւվող գործընթացներ չեն:
Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու կամ նման որոշման անհնարինության դեպքում, որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:
Էմանուել Մակրոնը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հետեւողական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
Ֆրանսիայի նախագահը Փաշինյանին հայտնել է Հայաստանին 200 հազար չափաքանակ պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին:
Թարմացում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան գրառմամբ հայտնելով Հայաստան պատվաստանյութ ուղարկելու որոշման մասին՝ շեշտել է, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:
«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երեւան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։